Մինչ հանգստյան օրերին անգլիացիները գավաթային խաղերի հույզերի ու ապրումների մեջ էին, ֆուտբոլային գերտերություններից մյուս երեքի` Իսպանիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի ակումբները հաշիվներ էին մաքրում առաջնության խաղերում: Ինչ վերաբերում է գերմանացիներին, նրանք դեռևս արձակուրդների էյֆորիայի մեջ են, թեպետ հեռու չէ օրը, երբ բուն գործի անցնելու նրանց հերթն էլ կգա, մանավանդ որ սպասմանը մնացել է բառացիորեն մի քանի օր:
ԱՆԳԼԻԱ
Գավաթի խաղարկությունում թեև ընդամենը մեկ տասնվեցերորդի հանդիպումներն էին, այդուհանդերձ «հաջողեցրեց» հանդիսատեսի վերածվել երկրի բարձրագույն խումբը ներկայացնող միանգամից երեք ակումբ: Հետաքրքրական է, որ դրանք առաջին եռյակը կազմած թիմերն են: Նույնքան հետաքրքրական է նաև, որ, ի դեմս «Բրեդֆորդի» ու «Միդլսբրոյի», թե՛ «ազնվականների», թե՛ «քաղաքաբնակների» մրցակիցները կարգով մեկ աստիճան ցածր առաջնությունում մրցելույթներ ունեցող ակումբներ էին (championship-ում «Բրեդֆորդը» չորրորդն է, «Միդլսբրոն»` երկրորդը): «Չելսին» «Բրեդֆորդին» պարտվեց 2:4, «Մանչեստր Սիթին» «Միդլսբրոյին»` 0:2 հաշվով:
Ինչ վերաբերում է «Սաուտհեմպտոնին», եթե դիտարկենք «Չելսիի» ու «Մանչեստր Սիթիի» հետ համեմատության մեջ, «Քրիստալ Պելասից» (2:3) նրա պարտությունը արժանապատիվ էր գոնե նրանով, որ վերջինս նույնպես պրեմիեր լիգայի ներկայացուցիչ է:
Իհարկե, առողջ տրամաբանության դիրքերից երեքի միաժամանակյա պարտությունը կարելի է ինչպես հնարավոր բացառիկության կարգին դասել, այնպես էլ փորձել ներկայացնել գավաթային հանդիպումների ոչ պատշաճ կարևորում, բայց որ երեքն էլ անվիճելիորեն լիուլի «վարձատրվեցին» քիչ արյունով հաղթելու մեծամիտ մտադրության համար, սա, կարծում եմ, քննարկելիք թեմա էլ չէ: Ինչևէ, եղածը եղած է, իրենք էլ հետայսու` հետագա մրցակցության ընթացքի ընդամենը ամերիկյան դիտորդ:
ԻՍՊԱՆԻԱ
Մրցաշարային աղյուսակի գլխին կանգնած եռյակն ընթացքը շարունակեց առանց կորուստների: Տարբերությունն այն էր, որ եթե «Ռեալն» այդ արեց ջղաձգումներով (արտագնայում «Կորդոբայի» նկատմամբ ձեռք բերված առավելությունը` 2:1, կամային հաղթանակի արդյունք է, «Աթլետիկոն»` համեմատաբար հանգիստ («Ռայո Վալեկանոն» հյուրընկալվելիս զիջեց 1:3 հաշվով), «Էլչեի» հետ խաղում «Բարսելոնը» պարզապես ասֆալտեց հյուրընկալող կողմին` 6:0: Ի դեպ, ընթացիկ ամսում սա այս թիմերի երրորդ հանդիպումն էր: Նախորդ երկուսը եղել են երկրի գավաթի շրջանակներում ու ավարտվել ոչ պակաս խայտառակ հաշիվներով` 4:0, 5:0:
Իսպանիայի առաջնության թեման փակենք Մեսիի խփած ևս երկու գոլի վկայակոչումով ու անցնենք առաջ, թեպետ հանգիստ կարելի էր հիշատակել և Ռոնալդուի ստացած կարմիր քարտը, բայց դե տղան Շեյկի հեռանալուց, թե Շեյկից հեռանալուց հետո հոգեկան որոշակի ոչ կոմֆորտի մեջ է, ուստի այդ մասին լռենք, մանավանդ որ անվայել պահվածքի համար հասցրել է հրապարակավ ներողություն խնդրել: Ինչևէ: 42 միավորով ու պահուստում ունեցած մեկ խաղով «Ռեալն» առաջին տեղում է: Նրանից համապատասխանաբար մեկ ու չորս միավորի հեռավորության վրա են «Բարսելոնն» ու «Աթլետիկոն»:
ԻՏԱԼԻԱ
Սեփական հարկի տակ «Յուվենտուսը» 2:0 հաշվով առավելության հասավ «Կիևոյի» նկատմամբ ու 49 միավորով շարունակում է մնալ առաջին հորիզոնականում: Նախօրեին «Միլանի» նկատմամբ 3:1 հաշվով կամային հաղթանակի հասած «Լացիոն» բարձրացավ երրորդ հորիզոնական, քանի որ, հակառակ սպասումներին, «Սամպդորիան» «Պալերմոյի» հետ խաղում ոչ թե երեք միավոր վաստակեց, այլ ընդամենը մեկ (խաղն ավարտվել է 1:1) ու լրացուցիչ գործակիցների հաշվարկով նահանջեց չորրորդ հորիզոնական: Ի դեպ, երրորդ հորիզոնական կարող է տեղափոխվել «Նապոլին», եթե այսօրվա խաղում հաղթի «Ջենովային»:
Ինչ վերաբերում է 41 միավորով երկրորդ տեղում ընթացող «Ռոմային», արտագնա խաղում «Ֆիորենտինայի» նկատմամբ հաղթանակը թույլ կտար «ծեր սինյորայից» հետ մնալը պահել հինգ միավորի շրջանակում, սակայն տանտերերն այնքան էլ բարյացակամ չեղան «գայլերի» նկատմամբ, որոնք վերջին հանդիպումներում չափազանց շռայլ են միավորներ կորցնելու հարցում: Արդյունքում կողմերը բաժանվեցին մեկական միավոր վաստակած` 1:1, իսկ «Ռոմայի» հետ մնալը «Յուվենտուսից» հասավ յոթ միավորի: Սա արդեն չափազանց լուրջ տարբերություն է չեմպիոնական մրցավազքի մեջ մնալու համար, թեպետ տեղատվություններն ու մակընթացությունները խորթ երևույթ չեն ֆուտբոլում։
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջնությունում «Մեցի» դարպասն ամեն խաղակեսում խփելով մեկական գոլ` «Լիոնն» ավելի ամրապնդեց դիրքերն ու ակտիվում ունեցած 48 միավորով մերձակա հետապնդողից` «Մարսելից», առաջ է արդեն չորս միավորով: Ի դեպ, այդ չորս միավորի առավելությունը կմնար և «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ, եթե վերջինս արտագնա խաղում կոտրեր «Սենտ Էտիենի» դիմադրությունը: Ասենք, որ մայրաքաղաքցիներին դա հաջողվեց շնորհիվ Զլատան Իբրահիմովիչի իրացրած տասնմեկմետրանոցի: Թե «Լիոնին» որքան ժամանակ կհաջողվի մնալ ձիու վրա, դժվար է ասել, բայց որ մեդալներից գոնե մեկը ձեռք գցելու հարցում հարավցիներն ավելի քան արմատական են տրամադրված, լրացուցիչ բացատրությունների կարիք չի զգացվում: Բոլոր դեպքերում, թեպետ որոշակի ռիսկային է այդ մասին խոսելը, կարծես թե գերտերությունների առաջնություններից առնվազն երկուսում նոր չեմպիոն ենք տեսնելու:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ